ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ինչպես են մայրաքաղաք ընտրում ու ինչու

Ինչպես են մայրաքաղաք ընտրում ու ինչու
10.12.2017 | 00:32

Ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Երուսաղեմի վրա, քաղաք, որ ԱՄՆ-ի նախագահը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք` չնայած արաբական աշխարհի և տարածաշրջանից դուրս գտնվող երկրների բողոքներին: Երուսաղեմում են հուդայականների, քրիստոնյաների ու մուսուլմանների սրբավայրերը: Այդ ինքնատիպ քաղաքի կարգավիճակը արաբ-իսրայելյան կոնֆլիկտի առանցքային հարցերից է: Իսրայելը վաղուց է Երուսաղեմը համարում իր մայրաքաղաքը` այնտեղ են կառավարության, վարչապետի ու նախագահի նստավայրերը, բայց ոչ մի երկիր չի ճանաչում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք: Թրամփի որոշումը` ճանաչել Երուսաղեմը մայրաքաղաք ու Թել Ավիվից տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատունը, շատերի դժգոհությունն է հարուցել: Իսկ ինչպե՞ս են երկրները մայրաքաղաք ընտրում ու ի՞նչ է նշանակում այդ ընտրությունը:


1. Միասնության խորհրդանիշ ու վերահսկողության միջոց
Անգլերեն capital (մայրաքաղաք) բառի արմատը լատիներեն capitalis-ն է, հիմնական նշանակությունը` գլխին վերաբերող: Մայրաքաղաքը տարածքը գլխավորող քաղաքն է, որտեղ իշխանությունն է, պետական հաստատությունները, թագավոր ունեցող երկրներում` այնտեղ է ապրում արքայական ընտանիքը: Մայրաքաղաքից են տարածվում բոլոր օրենքներն ու հրամանագրերը, մայրաքաղաքը պետք է պաշտպանել իբրև միասնության խորհրդանիշ: Մայրաքաղաքի գրավումը նշանակում է երկրի պարտություն պատերազմում: Այդ պատճառով շատ մայրաքաղաքներ գտնվում են երկրի կենտրոնում` այդպես բոլոր վայրերից հեշտ է հասնել, այդ դիրքը օգնում է կատարել խորհրդանշական դերը: Մադրիդը, օրինակ, Իբերիական թերակղզու կենտրոնում է: Աբուջան, որ 1991-ին դարձավ Նիգերիայի մայրաքաղաքը, նույնպես կենտրոնում է և կառուցվեց զրոյից, որ խորհրդանշի կրոնական կոնֆլիկտներից բզկտված ու մեծ տարածքի վրա ցրված ազգի միասնությունը: Այդ սկզբունքով Բրազիլիան 1961-ին մայրաքաղաքը գերբնակեցված Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխեց կենտրոնում գտնվող Բրազիլիա քաղաք: «Առաջընթացը հասցնել Բրազիլիայի կենտրոն»` այսպես էր բանաձևում որոշումը ճարտարապետ Օսկար Նիմեյերը, որ նախագծել է նոր մայրաքաղաքի պետական հաստատությունների շենքերը:


2. Քաղաքական փոխզիջում
Այսօր Վաշինգտոնում եռում են քաղաքական կրքերը, բայց 1790-ին Վաշինգտոնը մայրաքաղաք դարձավ քաղաքական փոխզիջումով: Հյուսիսային նահանգները Ալեքսանդր Համիլտոնի գլխավորությամբ ցանկանում էին դաշնային կառավարությունը փակի իրենց պարտքի մի մասը և գործարքի գնացին Թոմաս Ջեֆերսոնի ու Ջեյմս Մեդիսոնի հետ, որ ցանկանում էին մայրաքաղաքը հարավում լինի: Պոտոմակ գետի հովիտը, որտեղ հետո կառուցվեց Վաշինգտոնը, ընտրել է անձամբ Ջորջ Վաշինգտոնը: Մնացածը` պատմություն է:
Ավստրալիա մեկնած շատ զբոսաշրջիկներ զարմանում են, որ մայրաքաղաքը Սիդնեյը չէ: Որպես կանոն` նրանց բացատրում են, որ Կանբերան «անտառային մայրաքաղաքն է»` իբրև փոխզիջումային տարբերակ ընտրված մայր ցամաքի ամենամեծ քաղաք Սիդնեյի ու նրա հարավային մրցակից Մելբուռնի միջև: Որոշ պատմաբաններ համաձայն չեն և ասում են, որ Կանբերան է ընտրվել, որովհետև ափամերձ Մելբուռնում ու Սիդնեյում ամռանը շատ շոգ է: «Հիմնական փաստարկը, որի հետ համաձայն էին այն ժամանակվա բոլոր քաղաքական գործիչները, սպիտակ մարդիկ կարող են բարգավաճել միայն համեմատաբար զով կլիմայում»` ասել է պատմաբան Դևիդ Հեդոնը Australian Geographic ամսագրին տված հարցազրույցում:


3. Պատմական բարդ հանգամանքներ
Բեռլի՞ն, թե՞ Բոնն: Այս հարցը ծագեց 1989-ին Բեռլինյան պատը քանդելուց հետո: Վերամիավորված Գերմանիան մայրաքաղաք էր ընտրում: Սառը պատերազմի տարիներին, երբ Գերմանիան բաժանված էր, Բոնն Արևմտյան Գերմանիայի մայրաքաղաքն էր, Բեռլինը` Արևելյան Գերմանիայի: Այսօր միայն Բեռլինի պատից մնացած նկարազարդ հատվածների հետ լուսանկարվող զբոսաշրջիկներն են գուշակում, որ Գերմանիայի մայրաքաղաք կարող էր Բոննը դառնալ: Որ մայրաքաղաք կլինի Բեռլինը, Բունդեսթագը որոշեց 1991-ի հունիսի 20-ին, ընդամենը 17 ձայնով: Բեռլինին կողմ էին 387, Բոննին` 370 պատգամավորներ: Գերմանացիները երկու քաղաքներից մայրաքաղաք ընտրեցին, իսկ ՀԱՀ-ը` երեք: Իշխանության տարբեր թևեր տարբեր քաղաքներում են` Քեյփթաունում խորհրդարանն է, Պրետորիայում` վարչական կառույցները, գլխավոր դատարանները Բլումֆոնտեյնում են (բացի Սահմանադրական դատարանից, որ Յոհանեսբուրգում է): Դա հետգաղութատիրական շրջանի ժառանգությունն է` 1910-ին ստեղծվում էր Հարավ Աֆրիկյան միությունը: Բրիտանական չորս գաղութներ միավորվեցին և չէին կարողանում պայմանավորվել մայրաքաղաքի վերաբերյալ: 1994-ին ապարտեիդի քաղաքականության ավարտից հետո ձևավորվեց շարժում հանուն նոր մայրաքաղաքի, բայց ոչնչի չհասավ:


4. Իշխանավորների քմահաճույքը
Աստանան Ղազախստանի մայրաքաղաք դարձավ 1997-ին: Աստանան փայլուն ֆուտուրիստական քաղաք է, 1991-ից անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հավակնությունների խորհրդանիշը: Աստանայի տեսարժան վայրերից են Խաղաղության ու համաձայնության պալատը ապակուց ու բետոնից, օպերային դահլիճով, որ նախագծել է ճարտարապետ Նորման Ֆոստերը: Տափաստանում գտնվող այդ քաղաքն առաջ կոչվում էր Ակմոլա: Անունը փոխեցին Աստանա, որովհետև Ակմոլա նշանակում է «Սպիտակ գերեզման»: Եվս մեկ աշխարհագրորեն մեկուսացած մայրաքաղաք է Նեյպիդոն: Մյանմայի մայրաքաղաքը 2005-ին կառուցեց այն ժամանակվա ռազմական կառավարությունը` դեմոկրատիայի ճանապարհին ոտք դնելուց շատ ավելի առաջ: Վիթխարի քաղաքում ամեն ինչ կա` և ընդարձակ ճանապարհներ, և կենդանաբանական այգի, և գոլֆ-ակումբ, բայց փողոցներում քիչ են մարդիկ:
BBC


Հ.Գ. Յուրաքանչյուր երկիր ունի իր մայրաքաղաքի պատմությունը և դարերի ընթացքում մի քանի անգամ մայրաքաղաք է փոխել: Նույնիսկ Հռոմեական կայսրության անկումից հետո Հավերժական քաղաք Հռոմն է դադարել մայրաքաղաք լինել: Ռուսաստանը Ռոմանովների կայսրության ժամանակ ապրում էր երկու մայրաքաղաքներով` Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ: Ալմա Աթիից մայրաքաղաքի տեղափոխումն այնքան էլ մեծապետական քմահաճույք չէր, այլ` քաղաքական հաշվարկ` բնակեցնել Ղազախստանի տափաստանային հատվածը, որի տարածքային չբարձրաձայնվող հավակնություններ ուներ Ռուսաստանը: 12 մայրաքաղաքներ ունեցած Հայաստանի պատմությունը հայ ժողովրդի պատմությունն է դարձել: Երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանը իր մայրաքաղաքային կյանքը սկսել է 99 տարի առաջ` Հայաստանի առաջին Հանրապետության օրոք, իսկ մինչ այդ նահանգային քաղաք էր Ռուսական կայսրությունում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ